Վերլուծություն

Ռուսաստանում հայկական ինքնության մասնատում. ո՞ւր է տանում տվյալ գործընթացը

By 16.05.2015October 17th, 2020No Comments

Հայկական պետությունը մինչ օրս չի ձևավորել զարգացման իր վեկտորները և սեփական վերաբերմունքը հայերի զանգվածային գիտակցության մեջ առկա հիմնական «գլոբալ կարծրատիպերի», «գլոբալ հասկացությունների» և իր պատմության տարբեր բաղադրիչների վերաբերյալ:

Ինչը և ինչ աստիճանով հասկանալ իբրև “ժողովրդավարություն”, ինչը և ինչ աստիճանով ընդունել որպես Եվրոպական կամ Եվրասիական միություն (կամ որևէ այլ միություն), ինչպիսի դեր փաստացի պետք է տրվի կրոնին, ինչ հարցեր կանխորոշել ժամանակակից տեխնոլոգիաներին, իսկ ինչը պահպանել որպես ընտանիքի, առնականության ու կանացիության ավանդական պատկերացումները: Համանման արտահայտված դիրքորոշում է ենթադրվում նաև տարածաշրջանի այլ ժողովուրդների, քաղաքակրթությունների և պատմական ընդհանրությունների նկատմամբ սեփական դիրքավորման հարցերում:

Անհրաժեշտ է սահմանում տալ այս հասկացություններին, սահմանել դրանց ձևաչափն ու Հայաստանի նկատմամբ կիրառելիության աստիճանը, և այն, թէ դրանցից ­որոնք են հակասական, իսկ որոնք՝ ոչ, ինչ է դրանցից ընդունելի երկրի երկարատև զարգացման համար, իսկ ինչը՝ ոչ:

Տվյալ սահմանումները, ընտրված վերաբերմունքն ու ինքնադիրքավորումը պետք է ամրապնդվի պետական գործունեությամբ: Այդ թվում նաև այս կերպարների և խորհրդանիշների զանգվածային տեղեկատվական տարածության մեջ հաղորդմամբ:

Այս հարցերում համաչափ պետական հայեցակարգի բացակայությունը բերում է նրան, որ դրանցով զբաղվում են այլ ուժեր, իսկ երբեմն` նաև պարզապես մերձքաղաքական խարդախները:

Եկեք կոնկրետ օրինակների վրա դիտարկենք, թե ինչպես են այլ պետություններում վերաբերվում վերոնշյալ կարգավիճակներին,  հասկացություններին  ու “ընդհանուր խնդիրներին”:

Օրինակ, Վրաստանը. ահա և ժողովրդավարները (խորհրդանշաններ), և՛ կովկասցիները (համապատասխան խորհրդանիշերով), և՛ եվրոպացիները (Եվրամիության ու հին հունական դիցաբանության` Կոլխիդա-գեղմ խորհրդանիշով), և՛ մոդեռնիզմ (ժամանակակից ապակյա խաղալիք-կառույցների խորհրդանիշեր Թբիլիսիում), և՛ քրիստոնեությունն ավանդական հասարակությամբ (Թբիլիսիի կենտրոնում կառուցվող հին քաղաքի խորհրդանիշեր, հնություն, սպիտակած մորուքներով փարաջա հագած քահանաներ, բարձր տաճարներ և այլն), և՛ “արիության” էջանիշ (վրացական մետաղադրամի հակառակ կողմում, ինչպես նաև ազգային տարազներում` խոշոր չափի սվաստիկա):  Ազգային տարազների քարտեզ` բոլոր տարածաշրջաններով, որը զուգակցում է դրա ամենատարբեր տեսակները` գինեգործ գյուղացու տարազից` մինչև զինված լեռնաբնակի տարազը:
Եվ չկան ոչ մի սեղմումներ ու կարճ միացումներ: Ժամանակակից վրացու գիտակցության մեջ հեշտությամբ տեղադրվում են փափախներով, ատամներում` դաշույններով լեզգինկա պարող նախնիները, եվրոպական մշակույթին պատկանելիությունն ու կրոնը` իր բոլոր հատկանիշներով: Իսկ մեզ մոտ չգիտես ինչու հնարավոր չէ միաժամանակ պատկերացնել Զվարթնոց Տաճարը կառուցողներին և փափախներով զինված հայ հեծյալներին:  

Թուրքիան, այս կամ այն չափով, արտահայտում է իր վերաբերմունքը տարբեր աշխարհաքաղաքական ու աշխարհայացքային ուղղությունների նկատմամբ: Արևմուտքին վերաբերվում են իբրև ֆինանսների, տեխնոլոգիաների աղբյուրի, իսլամական աշխարհը Թուրքիայի կողմից դիտարկվում է իբրև ավանդականության­ ու աշխարհաքաղաքական ազդեցության գոտի, Իսրաելը` իբրև սպարազինության աղբյուր և հրապարակային քաղաքական սցենարների կետ (խաղալով մահմեդական աշխարհի համակրանքների վրա), Ռուսաստանը` սպառման խոշոր շուկա, Մեծ Կովկասը` հնարավոր աշխարհաքաղաքական ճեղքման ուղղություն և ազդեցության պատմական գոտի: Թուրքալեզու աշխարհի երկրներ է արտահանվում համաթուրքական միավորման գաղափարը և այլն: Թուրքական խորհրդանիշերում թուրքը հանդես է գալիս և՛ որպես եվրոպացի` ժամանակակից գործնական զգեստով, և՛ լեռնաբնակ`  չուխայով ու դաշույնով, և քոչվոր թուրքալեզու հեծյալ, և մահմեդական քարոզիչ` համապատասխան հագուստով:

Յուրաքանչյուր ուղղությամբ թուրքական պետությունը մշակում է պատշաճ խորհրդանիշեր, պատշաճ ծրագիր: Կովկասում Թուրքիան, չհանդիսանալով կովկասյան պետություն, դիրքավորում է իրեն որպես այդպիսին և ներգրավվում բոլոր կովկասյան կառույցներում: Միջին Ասիայի երկրների հետ թուրքերն աշխատում են ադրբեջանցիների հետ միասին` նշում են թուրքալեզու էպոսների տոները, մասնակցում տարբեր տեսակի միջոցառումներին և այլն, առավելապես նույնականացնելով իրենց տեղաբնակների հետ, մերձանալով իրենց: Եվրոպական նախագծերում Թուրքիան գործում է իբրև Եվրոպայի ներկայացուցիչ իսլամական աշխարհում:  Մահմեդականների հետ ստեղծում է մեծ իսլամական կենտրոն, յուրօրինակ իսլամական Ֆեյսբուկ, որի շտաբը ենթադրվում է, որ կտեղակայվի Թուրքիայում: Սա օրինակ է, թե ինչպես է պետությունը գործում բոլոր ուղղություններով: Եթե թուրքերը Հյուսիսային Կովկասում համաժողովները ու գիտաժողովները անցկացնում են հենց իրենց ԱՄՆ-ի հովանու ներքո, ապա հայերը դա անում են համայնքների ղեկավարների հայեցողությամբ` լիովին կամայական ձևով` կախված այս կամ այն ակտիվ անդամների նախասիրություններից կամ ինչ-որ մեկի “խորհրդներից”:

Թուրքիային փորձում է հասնել նաև Ադրբեջանը: Չնայած, որ Ադրբեջանն իր էությամբ մի երկիր է, որը ճնշում է Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդներին` լեզգիններին, ավարներին, ուդիներին, ոչնչացնելով իրենց ժառանգությունը, հասցնելով թանգարանային մակարդակի, ադրբեջանցիները, լինելով “օգուզ-թուրքերի” ժառանգներ, դիրքավորում են իրենց իբրև Կովկասի ժողովուրդ, արտագրում են պատմությունը` քարոզելով հայերի եկվորությունը Կովկասում, ամեն կերպ  շտկում են խորհրդանիշերը ու հաստատում ադրբեջանցիների ներկայությունը Կովկասում` (կումիկների, կարաչայների, բալկարների) հետ հարաբերությունը, լինեն դա պարերը (այն պահից, երբ Ադրբեջանը ստեղծվել էր Հարավային Կովկասում, ադրբեջանական պարային համույթների պարացանկը կտրուկ ձևով փոխվեց, դրանում ներգրավվեց այդ թվում նաև “բերդ” հայկական պարը, հայտնվել են կովկասյան պարերի այլ տարրեր ևս): Երկրորդը թուրքական ուղղությունն է.  Ադրբեջանն աշխատում է թուրքալեզու աշխարհի երկրների հետ (թուրքալեզու հերոսներ, թուրքալեզու պաշտամունքի կենդանիներ  կամ բույսեր և այլն): Համանման աշխատանք է տարվում այլ ուղղություններով՝ ռուսական, եվրոպական և այլն:

Իրան: Իրանը, ունենալով պետականութjան չընդհատվող փորձ, կառուցում է պետական գաղափար, որտեղ ավելի վաղ կրոնը` զրադաշտականությունը չի բախվում իսլամական կրոնի հետ, մոդեռնիզմը տնտեսության ու տեխնոլոգիաների մեջ չի հակադրվում ավանդականությանը, արիական ու համամահմեդական գաղափարը չեն զուգամիտում փակուղում, Իրանի իմաստավորուած պետական քաղաքականութունը միավորում է բազմազգ պետություն, որում տարբեր պետականաստեղծ ազգերի դերը կազմում է երկրի բնակչության գրեթե կեսը: Հույսով եմ, որ ընթերցողների հիմնական զանգվածը հասկանում է, որ վերոնշյալ պետությունների համեմատ Հայաստանն ունի մոտավորապես այնպիսի մարդու տեսք, ով բացարձակապես ծանոթ չէ ականազերծման գործին ու հայտնվեց ականների դաշտում: Քայլ դեպի աջ, քայլ դեպի ձախ` և մասնատված մարմինը թռչում է դեպի իրար հակադրվող տարբեր տեսակի արիական, կովկասյան, եվրասիական, եվրոպական և դավանանքային այլ նախագծերը:

Խորհրդային ժամանակ հասարակության մեջ գոյություն են ունեցել դրական կարծրատիպեր Կովկասի` որպես հին մշակույթ ու պատմություն ունեցող տարածաշրջանի մասին: Կինոյում, մամուլում, հասարակության մեջ եղել է կովկասցի տղամարդու դրական կերպար, որը ներառում էր լեռնաբնակ քրիստոնյային, լեռնաբնակ մահմեդականներին, մշակույթն ու հին պետությունների ու ավատատիրական իշխանությունների պատմական հարուստ ժառանգությունը: Երկրի քաղաքացիների մեծ մասին Կովկասը հայտնի էր իր առողջարաններով ու զբոսաշրջության վայրերով:
Այսպես, դեռևս քսան տարի առաջ, միջին վիճակագրական հայը նայում էր Մխիթար Սպարապետի մասին կինոնկարը, կարդում Րաֆֆու գրքերը, դպրոցում ուսումնասիրում էր Արևմտյան Հայաստանում հայերի զեյթունյան ապստամբությունը և օսմանների ճնշումը, դասագրքում տեսնում էր Հայկական լեռնաշխարհի քարտեզը, պաշտպանում էր “Արարատ” ֆուտբոլային ակումբը, որը 1973 թվականին հաղթեց ԽՍՀՄ Առաջնությունն ու գավաթը, տեսնում էր Արարատ լեռը հանրապետության զինանշանում, հարգում էր հայկական եկեղեցիներն ու մենաստանները, և միևնույն ժամանակ լիովին հանգիստ էր ընկալում “կովկաս” բառն ու դրա բուն փաստը, որ հայերը տեղաբնակ են և հանդիսանում են Կովկասի ժողովուրդներից մեկը:

Սակայն Ժամանակները փոխվել են ԽՍՀՄ տրոհումից հետո, Հայաստանի ու Վրաստանի առանձնանալուց հետո, վերջին երկու տասնամյակների ընթացքում ռուսաստանյան հասարակության մեջ փոխվել են Կովկասի մասին կարծրատիպների կրիչներն ու Կովկասի բուն կերպարը ռուսաստանյան սպառողի աչքերում և այդ հասարակության մեջ ապրող հայկական համայնքի մի մասի աչքերում:

Ռուսաստանյան քաղաքացիների զանգվածային գիտակցության մեջ, Կովկասի մասին կարծրատիպների առաջվա հիմնական կրողների` հայերի ու վրացիների փոխարեն, դարձան իրենց փոխարինած Հյուսիսային Կովկասի մահմեդական ժողովուրդները, որոնք սպառողի գիտակցության մեջ զբաղեցնում են կայուն հակառուսական խորշ, և հակադրում են իրենց “տիտղոսային բնակչության” ավելի հակակովկասյան կերպով տրամադրված շերտերին”:

ԽՍՀՄ-ի հետ միասին փլուզվեց նաև միջազգային հարաբերութիւնների խորհրդային համակարգը: Եվ այսօր, ժամանակակից Ռուսաստանում հասարակության մեջ միջազգային հակամարտությունների ու փոխադարձ թշնամության թեման զգալի տեղ է զբաղեցնում (որը նկատելի է նաև երկրի ներսից): Միջազգային լարվածությունն արտահոսում է դեպի փողոցի միջադեպեր, ինստիտուտներ, աշխատանքի վայրում գործընկերների զրույցներ, երկրի գլխավոր ալիքներով ցուցադրվող կինոնկարներ ու նյութեր, մամուլ, սոցիալական ցանցեր:

Կովկասի մասին ժամանակակից ռուսաստանյան կարծրատիպեր են դարձել “ցեղային տոհմերը”, ահաբեկչությունները, կռիվները, արմատական իսլամը, կրակոցները մետրոյում, լեզգինկան, ռուսատյացությունը:

Կարծրատիպերի փոփոխությունն ու Ռուսաստանում կովկասցիների նկատմամբ ատելությունը հայերի մի մասի մոտ առաջացրեց մարդկանց, ովքեր ձգտում էին լքել ատելության ու ռիսկի խումբը: Գործածվում են մի խումբ մարդկանց Անձնական Ցանկությունները սպասարկող ցանկացած փաստարկներ՝ բոլոր ճանապարհներով լքել Կովկասի տեղաբնակ ժողովուրդներից մեկի խորշը: Ոմանք շահարկում են լեզվախմբերը` գիտակցաբար լռելով կովկասյան տարածաշրջանի բազմալեզության մասին, ոմանք փոխում են հասկացությունների անդրլեզուն` հանգեցնելով Կովկասը լեռնաշղթային աշխարհագրական շրջանակին, իսկ ոմանք էլ պարզապես անմիջապես ու բաց բացականչում են. “իրենց չեն սիրում, իրենք արմատական են, մեր ճանապարհները բաժանվում են”: Կան նաև նրանք, ովքեր կլանելով Կովկասի մասին սահմանափակ ու տեղայնացված կարծրատիպը, լցվում են սեփական խորհրդանշական մեծության զգացողությամբ (երևի թե վաղուց մոռանալով Հայաստանի սովորական լեռնային գյուղերը) և հակադրում են “իրենց` քաղաքակրթություն բերողին” Կովկասի այլ ժողովուրդներին` “այդ վայրենիներին”, ինչպես հաճախակի ռուսները անվանում են առանց բացառության Կովկասի բոլոր ժողովուրդներին, այդ  թվում իհարկե “խաչ-հայերին” (չնայած իրենց բոլոր լացակումաց խնդրանքներին` “չկշտամբել խաչը` քրիստոնեության նշանը”)։

Հարկավոր է նշել քարոզչական հետևյալ հնարքները`

Չմերժենք դրանք. սթափ ընթերցողն ինքը կհասկանա այս շեղումների ու աղավաղումների գինը:

Քաղաքական հակադրում. Կովկաս` նշանակում է ռուսատյացություն “Ով է Հայաստանի դաշնակիցը` Ռուսաստանը, որը պաշտպանեց ու փրկեց մեզ Թուրքիայից, թե չեչենները, ովքեր կռվել են մեր դեմ Ղարաբաղում: Սթափվեք. Հայաստանը Կովկաս չէ”:

Քաղաքակրթական հակադրում. “Մեզ մոտ թագավորների ոսկյա զենք ու զրահ է, մեզ գրավում էին հռոմեացիները, մեզ մոտ կա Գառնի ու հին թատրոն: Մենք վայրենի կովկասյան ցեղեր չենք: Հայաստանը Կովկաս չէ”

Ազգային պատկանելիության հակադրումը տարածաշրջանին: “Մենք Կովկաս չենք, մենք հայ ենք, պարզապես հայ, պարզապես արիացի հայ, քրիստոնյա հայ, եվրոպացի հայ, կարևորը կովկասցի չենք”:

Հայկական լեռնաշխարհի հակադրումը տարածաշրջանին. “Հայաստանը Կովկաս չէ: Հայաստանը դա Հայկական լեռնաշխարհ է: Լեռնային այս համակարգը չի հատվում ոչ մի տարածաշրջանի հետ՝ ո’չ աշխարհագրորեն կամ մշակութային առումով, ո’չ պատմականորեն:  Սա Պարզապես Հայկական լեռնաշխարհ է: Թեպետ մենք իհարկե Եվրոպայի մաս ենք”:

Հակադրություն ըստ լեզվի. “Մենք արիացի-հնդեվրոպացի ենք, իսկ Կովկասը` դա հյուսիս-կովկասյան լեզվական ընտանիք է”, “Հա՛յ, տեսնում ես, արդյո՞ք, հնդեվրոպական լեզու ցուցակում: Ոչ: Կովկասի ժողովուրդները բացառապես արիացի չեն, մի դավաճանեք մեր արիական քաղաքակրթությանը: Հայաստանը Կովկաս չէ՛”:

Հուզական. “մեզ ընդունում են այս վայրենիների տեղը, իմ ռուս գործընկերներից ոմանք անգամ չգիտեն, որ մենք քրիստոնյա ենք” (հատկապես արդիականացվում է սափրագլուխների հարձակումներից և նմանատիպ այլ գործողություններից հետո):

Կրոնական հակադրություն. “Կովկասը` դա բացառապես լեռնաշղթային լանջերն են, որտեղ ապրում են մահմեդականները: Նրանցից ոմանք անգամ կռվում էին Ղարաբաղում: Իրենք ատում են Հայաստանը, Հայաստանը՝ Կովկաս չէ՛”

Նրանից հետո, երբ կրակեցին այս մարդիկ, ովքեր գոռում են “մենք իրենք չենք, պետք չէ մեզ ծեծել ու ատել”, սկսվեց հսկայական մի ճնշում “մենք Կովկաս չենք” թեմայով և այստեղ արտահայտվեցին հիմնախնդրի արմատից բխող բոլոր պահերը. ազգային խորհրդանիշների սահմանափակությունը, պետության կողմից չձևավորված զարգացման վեկտորներն ու ընդհանուր կարծրատիպերում, հասկացություններում ու սցենարներում առկա դատարկությունները:

Բարձրաձայն հակակովկասյան քարոզարշավի նախաձեռնողների հետևից գնացին նաև սովորական մարդիկ, ովքեր վերոնշյալ պատճառներով միաժամանակ չեն ընկալում “չոխայով լեռնաբնակին” ու “ոսկյա զենք ու զրահով, շքեղ սաղավարտով Զվարթնոց կառուցողին”: Հետևեցին, քանի որ հայկական պետությունը պատրաստ չէր այդպիսի մարտահրավերներին: Եվ դեռևս հստակ չի գրանցում ջրբաժան բոլոր գծերը: Այն, որ հենց մեզ մոտ է արմատ դրել տվյալ հիմնախնդիրը, ևս մեկ անգամ ապացուցում է, որ վարակը մակաբուծում է թուլացած ազգային ու պետական անձեռնմխելիություն ունեցող մարմնում:

“Սթափվեք մենք-կովկասցիներ-չենք” նորահայտ այս շարժման արդյունքում առաջանում է իրադրության երկակիություն. Ռուսական և Համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ Կովկասը դիտարկվում է իբրև ընդհանուր առմամբ պատմականորեն, տնտեսականորեն ու մշակութային առումով կապկպված տարածաշրջան՝  ներառյալ Հայաստանն ու հայերին: Ուստի, անգամ եթե բոլոր հայերը գրանցվեն որպես “ոչ-կովկասցիներ-արիացիներ”, այնուամենայնիվ հայկական գործոնը ներկա է լինելու կովկասյան դիմագծում: Հարցը նրանում է, թե ինչպիսի կարգավիճակում ՝ լիարժեք, իբրև Կովկասի հիմնական ու տեղաբնիկ ժողովուրդներից մեկի, թե՞ մարգինալ  (մարգինալում քարոզվում են հետևեալ կարծրատիպերը՝ “հայերը եկվոր են Կովկասում”, “հայերը այլ կայսրությունների ազդեցության գործիք են՝ Կովկասի իրական բնակիչների դեմ և այլն):

Կովկասյան դաշտը ծայրաստիճան քաղաքականացված է և նրանում խաղում են տարբեր ուժեր, այդ թվում նաև ռուսամետ ու թրքամետ և այլն: Նորաձև կոչերը իրենց և շրջակա մարդկանց “սթափվեք, մենք կովկասցիներ չենք, մենք արիացիներ ենք”, “հայը ռուսատյաց կովկասցի չէ, այլ քաղաքակրթություն ստեղծողների բարեկամ արիացի է”, խիստ մարգինալացնում է հայկական դիրքերը կովկասյան-ռուսական բանավեճում. ինչպես և Կովկասի այլ ժողովուրդների շարքում (ինչն ակնհայտ է), այնպես էլ մտածող կողմնակի դիտորդների շարքում (ինչը նույնպես ակնհայտ է, սակայն հասկանալի է ոչ ամեն “ակտիվ ոչկովկասցուն”):

Ընդ որում “սուրբ-ռուս-արիական” դաշտում կամ որևէ այլ “եղբայրության” դաշտում ինչ-որ բան շահելու փորձը չի բերում ու չի բերի Հայաստանին ցանկալի դրական նվաճումներ, քանի որ այդ դաշտի մասնակիցները դիտարկում են հայերին իբրև պաշար: Սկսած նրանից, ովքեր այդ ակտիվ “ոչկովկասությունը” տարածում էր տարբեր հայկական խմբերում, և վերջացած պարզ ռուս ազգայնականներով, ովքեր վախենում ու հարգում են իրական լիարժեք մարդուն (այդ թվում նաև իրենց կողմից այդպես չսիրված “կովկասցուն”), և վերևից, ընդունելիության հանձնաժողովի նման նայում են արատավոր “արիացի-խաչին”, ով ցույց է տալիս ու ապացուցում է ռուս ազգայնականներին իր արիականությունը տարբեր տեղեկանքներով հիտլերական ռեյխսգրասենեակներից, ով հագել է թղթազանգվածից պատրաստված սաղավարտը, հունական երկար, անթև ներքնաշապիկով, փայլաթիթեղից զենք ու զրահով, քիփ զուգագուլպաներով, որոնք ճանաչված են եղել Ատլանտիդայում` պատմական նյութապաշտության դարաշրջանից առաջ:

Արդյունքում տեսնում ենք հիմնախնդիրների մի կծիկ, որը բաղկացած է՝ 

– հայկական ծագում ունեցող քաղաքացիների առանձին վախերից

– տարբեր մերձքաղաքական խարդախների շահերից

– թվացյալ երազանք – Հայաստանի հայրենասերներին, ովքեր հուսահատ պայքարում են դրա որոշակի թվացյալ կերպարի համար` երկումետրանոց կապուտաչյա տղամարդկանցով, հսկայական դղյակներով ու ոսկով: Այս մարդկանց, ովքեր հույսով լի հաշվում են եվրոպացի խորհրդականների ձայները “ցեղասպանության մասին” օրենքում կամ ապրում են որոշ նախկին զինվորականների բազմաիմաստ ակնարկներով: Ինչով ասես` բացի իրական Հայաստանից, իր բոլոր իրական թերություններով, անկատարություններով ու դժվարություններով

– մարդկանցից, ովքեր բավականաչափ տեղեկատվություն չունեն տեղի ունեցողի մասին, սակայն արդեն իսկ ներգրավված են արհեստականորեն ստեղծված հակամարտության մեջ, որոնց մեծ մասն այնուամենայնիվ հասկանում են, որ տեղի են ունենում վնասակար գործընթացներ:

Հակիրճ գնահատելով նման գործընթացների մեջ ներգրավված մարդկանց հիմնական հոգետեսակները կարելի է առանձնացնել հետjալները՝

– Մարդիկ, ովքեր վառված են ՌԴ-ում և ընդհանրապես ԱՊՀ-ում ազգայնական շարժմամբ, ցանկանում են հեռանալ այն կերպարից, որը ստեղծվել էր Կովկասին և իրենց` կովկասցիների կողմից 90-ական թվականների բարդ գործընթացներում, որոնք տեղի են ունեցել ամբողջ Կովկասի` և՛ հարավային, և՛ հյուսիային տարածքում, իբրև կետի, որտեղ միանում է և՛ տարածաշրջանային, և՛ արտատարածաշրջանային գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի մի ստվար զանգված: Բացի այդ, կովկասյան երիտասարդության կողմից ստեղծված ենթամշակույթը (չշփոթել մշակույթի հետ), իբրև պաշտպանական գործոն, հաճախակի ունի բազմաթիվ բացասական դրսևորումներ: Եվ տվյալ հանգամանքը լրացուցիչ կերպով ցանկություն է առաջացնում առանձնացվել տարածաշրջանից` Կովկասի մշակույթի հայկական տեսողության ձևավորման ու վերածնման, սեփական նախագծի առկայության փոխարեն:

2- Ձուլված մտածելակերպով ու կենսակերպով: Կովկասցի պարզ գյուղացի մի տղա, ով հավատացյալ է, ֆիզիկապես և հոգևոր առումով ուժեղ, կապված է ընտանեկան և այլ կապերով իր ցեղի, ազգության հետ, բացարձակապես տարբերվում է իրենցից աշխարհայացքով ու մտածելակերպով: Եթե նա անգամ լինի իսկական, այլ ոչ թէ զտված քրիստոնյա (ինչպես հայերից շատերը տվյալ դեպքում ՌԴ-ում, ովքեր միայն ձևականորեն են հայ), ապա նաև այդպիսի անհատները չէին տեղավորվի կովկասյան ավանդական սխեմայի մեջ:

3- Մարդիկ, ովքեր գիտակցված աշխատում են հայկական դաշտը տրոհելու ուղղությամբ` աշխարհաքաղաքականորեն, մշակութային և այլ առումներով կտրելով մեզ այն տարածաշրջանից, որտեղ գտնվում է պատմական Հայաստանի զգալի մասը և որտեղ վաղուց ի վեր ապրում են հայկական մեծ համայնքները: Հարկ է նշել, որ հենց այս հատվածում են  մեզ օտարածին ու թշնամական տարրի, Կովկասի և տեղաբնիկ ժողովուրդների դեմ կայսրությունների գործիքի կերպարի ստեղծման նախաձեռնողները վարում են այդպես կոչված անդրլեզվի քայքայման լեզուն` դա և՛ նոր քարտեզների նկարում է, որոնցում Կովկասի տարածաշրջանը դա մի շերտ է լեռներում, և՛ ռելյեֆի՝ տարածաշրջանին արհեստական հակադրումն է և այլն: Այդպիսի գծագրերի նախագծողները շատ լավ հասկանում են, որ հայերը դեռևս ցարական իշխանության ժամանակ և ավելի վաղ, Կովկասում խաղացել են օղակի դերը, սակայն գիտակցաբար փորձում են օգտագործել հայերին կողմերի միջև թափարգելի դերում, ինչը, մեղմ ասած, չի կարող չանհանգստացնել:

4- Նման տեղեկատվություն կրողների միջավայրում բոլոր 3 կետերի տատանումները:

Իրական մեկուսացում՝ թվացյալ դրական կողմերի փոխարեն

Ձուլման գործընթացների արդյունքում, համայնքի ազգային ինքնագիտակցության թուլացման արդյունքում մենք ունենք մի իրադրություն, որում հայերն արդեն անկարող են, առաջվա նման, պատասխան տալ տեղեկատվական ու գաղափարախոսական այս մարտահրավերներին ու պարզապես խուճապահար շարժվում են իրենց իսկ ազգային ձուլամայրի տարբեր առանցքների միջև:

Վերջին 5-7 տարիներին, իսկ ավելի վառ` վերջին 3 տարիներին, բազմացած նորաթուխ այլախոհները, ստանալով թվացյալ բոնուսներ, հօգուտ սեփական նախապատվությունների, կարծրատիպերի ու բարդույթների, գործնականում արհեստականորեն միտում են Հայաստանն ու հայ ժողովրդի տեղեկատվական թակարդի մեջ, ձևավորելով անջատողականություն հարևան ժողովուրդների տեղեկատվական դաշտում, որտեղ աճում է այս ժողովուրդների ապագա վերնախավը, այն դաշտում, որտեղ այդպես ակտիվորեն են խաղում Հայաստանին ու հայերին չհամակրող ուժերը (գիտակցելով Արևմուտքն ու Արևելքը կապող տարածաշրջանի հսկայական կարևորությունը):


Ի՞նչ անել

Հայաստանը, պետական մակարդակով, անհրաժեշտաբար պետք է մշակի սեփական վերաբերմունքը զանգվածային գիտակցության մեջ առկա հասկացությունների ու պատմական գործընթացների նկատմամբ: Տալ դրանց սահմանումը, որն արտահայտում է դրանց նկատմամբ սեփակ վերաբերմունքը:

Եվ դրա հիման վրա ստեղծել սեփական “հավաքակետը”, որն արտացոլվելու է բազմաթիվ ոլորտներում` այդ թվում մշակույթում, ազգային կերպարում ու տարածաշրջանային նույնացման մեջ: Թվարկեմ որոշ ոլորտները`

Պարեր – տարբեր պարերի բազմազանություն` ըստ տարածաշրջանների, տեսակների (ռազմական, գյուղացիների պարեր, խմբակային պարեր, մենապարեր, առեղծվածային, հարսանեկան պարեր):

Ազգային տարազ, որն արտահայտվում էր տարբեր տարածաշրջաններին, տարբեր դարաշրջաններին, հասարակության տարբեր շերտերին բնորոշ տարբերակներով՝ գյուղացի, առևտրական, լեռնաբնակ, չոխա, զենք կա, զենք չկա և այլն:

3. Քաղաքական վերաբերմունք այլ ժողովուրդների, կայսրությունների, քաղաքակրթությունների պատմության ու դերի նկատմամբ (եվրոպացիների, Հռոմի, Բյուզանդիայի, հույների, մոնղոլների դերի, ռուսների, իրանցիների, արաբների, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների և այլնի դերի նկատմամբ` այս կամ այն քաղաքակրթության հետ հարաբերությունների մասին ստեղծված առասպելների վերաբերյալ)

3

4. Վերաբերմունքն հայերի տարբեր “ենթանույնացումների” նկատմամբ, որոնք շեղվում են բազմաթիվ դարեր գոյություն ունեցած իր “կանոնական կենտրոնից” (կենտրոնից, որի համաձայն հայը = արյուն + ՀԱԵ ծխական ): Վերաբերմունքն իմաստավորված է` հաշվի է առնում բազմաթիվ գործոններ` բնակության վայրն ու միջավայրը և այլն, օրինակ` Հայաստանի ներսում “արիականանալ” կարելի է, “արիականացող Ռուսաստանի” ներսում` չի կարելի կամ ընդհակառակը` կարելի է արիականանալ միայն որոշակի “միջանցքում” (այս կամ այն բանաստեղծություններում և այս կամ այն պատամական հիմքում), ենթանույնացման են պատկանում տարբեր տեսակի կաթոլիկ հայերը, ուղղափառ հայերը, հեթանոս-արիական-հայերը և այլն): Պետք է վերլուծել հայերի այս կամ այն խմբի ազդեցությունն այս կամ այն միջավայրում ապրող հայերի վրա: Ըստ վերլուծության արդյունքի պետք է սահմանել պետության վերաբերմունքն ու աշխատանքն այդ ուղղությամբ` ինչ է պետք մարել, որտեղ` աջակցել, ինչը` շտկել և ինչպես դնել անհրաժեշտ շեշտերը:

Վերաբերմունքը համաշխարհային “միտումների-հասկացությունների” նկատմամբ` վերաբերմունք ավանդականության, պահպանողականության, արդիականության, կրոնի, ժողովրդավարության, “եվրոպական արժեքների” նկատմամբ: Նրան, թե ինչպես, ինչի համար, և ինչ չափաբաժիններով մենք կորոշենք ընդունել կամ չընդունել դրանք: Ինչպես ենք որոշելու. “եվրոպա = մարմնավաճառության / սեռական ազատության (միասեռականության և այլն) օրինականացում թե՞ քրիստոնեության ու մարդասիրության գաղափարները: Թե՞ երկուսն էլ:

Իրականում անգամ հասուն մարդուն դժվար է պատասխանել  այս բոլոր հարցերին ու կատարել ճիշտ եզրակացություն, ճիշտ ընտրություն: Հայերի “ոչկովկասության” ճնշումը` օրինակ է նրա, թէ ինչպես կարելի է խաղարկել հասարակական կարծիքը, օգտագործելով հասկացությունների­ ու անդրլեզվի տարրական փոխարինումները՝ կոնկրետ փոփոխություններ նվաճելով համապատասխան խմբում ազգային խմբի գիտակցության մեջ:

Վերոթվարկված կետերի իրականացման ժամանակ, մնացածից բացի, կպահանջվի՝

1. Պետության ուղղորդված, իմաստավորված քաղաքականություն` հաշվի առնելով աշխատանքի միջավայրն ու նպատակային լսարանը: Եթե խոսքը գնում է Սփյուռքի մասին, ապա պետք է տեղյակ լինել տարածաշրջանային առանձնահատկություններին, օրինակ, դժվար թե պետք է ջարդել Հայ-ռուսական ընկերակցության դուռը  գոռալով “մենք քրիստոնյա չենք՛, ինչպես և պետք  չէ Հյուսիսային Կովկասում գոռալ. “մենք Կովկաս չենք”, ապրելով ադիգների պատմական հողերի վրա:  

2. Համապատասխան խորհրդանիշների ու “ստեղծագործության” մշակում, որն առաջ է մղելու այս աշխատանքը դեպի զանգվածներ` կերպարների ու կարծրատիպերի տեսքով: Վարքագծի տարբեր սցենարների ու այս կամ այն երևույթի նկատմամբ վերաբերմունքի տեսքով: Գեղարվեստական կինոնկարներ, վավերագրական կինոնկարներ, մուլտիպլիկացիա: Հարկավոր է զինվել ստեղծագործական պատերազմների վարման ժամանակակից բոլոր միջոցներով:  

3. Դա պետք է իրականացնեն արժանի արհեստավարժները, այլ ոչ թե տարվող կամ իրենց բարդույթներն իրականացնող անհատները, որոնց համար Հայաստանը` դա սեփական ստվերից վախեցող Հավերժ Տխրության Երկիր է:

Պետական այս գործունեության արդյունքն է լինելու այդպես կոչված “հավաքակետը”, որտեղ իր արտացոլումն ու արտահայտումն է գտնելու Հայաստանի բազմադարյան բազմակողմանի պատմությունն ու մշակույթը:

Իսկ մասնագետների աշխատանքը կբերի նրան, որ հայերի հասարակությունը արհեստականորեն չի օտարի սեփական պատմության ու մշակույթի այս կամ այն բաղադրիչը, այլ, ընդհակառակը, գրավելու է ու զարգացնելու այն հատվածները, որոնք ավելի մոտ են անձամբ իրենց կամ իրենց տեղական համայնքին (եթե խոսքը Սփյուռքի մասին է), այդ ժամանակ մնալով հայ և չօտարելով հայկական մշակույթի այլ բաղադրիչները:

Ծանոթություն. առանձին նշենք, որ ոչ միայն Ռուսաստանում, այլև տարբեր այլ երկրների հայկական համայնքների շրջանում տեղի են ունեցել և տեղի են ունենում նման դրսևորումներ` սեփական կերպարային խորշի, տարածաշրջանային կամ մշակութային ինքնության փոփոխության փորձեր` միջավայրի ազդեցության ներքո(Օրինակ, Ամն-ում 20-ական թվականներին հայկական համայնքներում արդիական էր` “մենք caucasian ենք (սպիտակ մարդիկ), այլ ոչ թէ ասիականներ”):