Այսօր հայկական հասարակության մեջ` ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում, բազմաթիվ այլ հիմնախնդիրների հետ մեկտեղ, սուր է կանգնած այդպես կոչված “հայության չափանիշների”, հայ ժողովրդին պատկանելիության հարցը:  “Իներցիայով” գոյություն ունեցող նախկին չափանիշները ժամանակակից հասարակության մեջ այլևս չեն գործում (ինչի մասին մանրամասնորեն ասվելու է ստորև), իսկ նոր չափանիշեր մտցնելու փորձերը կա’մ չափից ավելի լղոզված են, և լղոզում են ինքնությունը որպես այդպիսին, կա’մ էլ առանց “հայության” իրավունքների են թողնում հայ ժողովրդին իրենց այս կամ այլ կերպ դասող մարդկանց զգալի շերտերը:

Հիշեցնենք որոշ սուր հարցերը: Արդյո՞ք կարելի է հայ անվանել այն մարդուն, ով.

1. Չի տիրապետում մայրենի լեզվին:

2. Ապրում է Հայաստանից դուրս:

3. Չի պատկանում ՀԱԵ-ին

4. Անտարբեր է խառնամուսնությունների նկատմամբ

5. Չի ծառայել հայկական բանակում

6. Չի ապրում հայկական կրոնի, ավանդույթների կանոններով

7. …և բազմաթիվ այլ հարցեր:

Որպես կանոն, այդ հարցերը պատասխան չեն գտնում, իսկ բանավեճերը չեն բերում երկուստեք ընդունելի արդյունքին:

Սույն հոդվածի նպատակը “ազգային ինքնության չափանիշեր” մտցնելը չէ: Առայժմ փորձենք դիտարկել, թե ինչպես և ինչու էին ձևավորվում հայ ժողովրդին պատկանելիության չափանիշերը, ինչպես էին դրանք փոխվում ժամանակի ընթացքում, և ինչու այսօր այդ չափանիշերն այդքան լղոզված են:

Փորձենք դիտարկել «Հայ համայնքի» ( ժողովրդի, էթնիկ խմբի, ազգության, ազգի) չափանիշների փոփոխման գործընթացը ժամանակի ընթացքում, դուրս բերել այս գործընթացները հասարակության կողմից ճանաչված մակարդակի վրա, և հարցնենք ինքներս մեզ, թե « Դեպի ինչ՞ հասարակություն ենք մենք գնում և որքանով՞ գիտակցված ենք անում դա»:

Հոդվածը նպատակ չունի հավակնել «բացարձակ ճշմարտությանը», մանավանդ, որ այն դիտարկում է շատ հնագույն իրադարձություններ, ինչպես նաև շոշափում է գաղափարներ, որոնք ժամանակակից գիտության մեջ ունեն տարբեր սահմանումներ (օրինակ ՝ հասկացություն «ազգի» , «էթնոսի», «ազգության» մասին և այլն): Մենք նաև չենք հավակնում հայ համայնքի նույնականացման պատմության ամբողջական և համապարփակ նկարագրությանը, այդ գործընթացների նկատմամբ առաջարկելով որոշակի պատմական հայացք և հարցեր մտածելու համար:

Հավանաբար, հայոց պատմության մեջ առաջին “ազգաստեղծ մղումը” եղել է  Հայկի և իր սխրակիցների առանձնացումը Հայոց լեռնաշխարհի տարածքում: Հայկը և իր մարդիկ ձևավորեցին միասնություն, որը կապկապած էր միասնական խնդիրներով. անվտանգության ապահովման, համատեղ տնտեսության վարման և միասնական պատկերացումներով բարու և չարի մասին (ազատության, բռնապետության և այլն):

Ի՞նչ չափանիշներով էր որոշվում անձի պատկանելությունը նման միասնությանը: Հավանաբար, նախ և առաջ, դա որոշվում էր Հայկի տոհմին պատկանելուց: Նոր համայնքի մաս են դարձել նաև այն մարդիկ, ովքեր Հայկի հետ ազգակցական կապ չունեին, բայց ճանաչում էին նրա իշխանությունը, նրա օրենքները և ի վերջո նրա աշխարհայացքը: Բացի այդ, մարդիկ պատկանում էին այս միասնությանը վերը նկարագրված ընդհանուր խնդիրները լուծելու գործում ներգրավված լինելու պատճառով` անվտանգության ապահովում, համատեղ տնտեսության վարում և այլն: Մեկ այլ «պատկանելության չափանիշ» էր այն տարածքը, որի վրա իրականացվում էր տնտեսական գործունեությունը և որը պաշտպանվում էր միասնության անդամների կողմից:

Որպես հայ միասնության հաջորդ կարևորագույն «էթնություն ձևավորող մղում» եկեք դիտարկենք մ.թ. 4-5-րդ դարերը: Այդ ժամանակներում քրիստոնեության ընդունումը դարձավ հայ ժողովրդին պատկանելու չափանիշ: Եվ ահա, դրանից մեկ դար անց, որպես ամենաուժեղ ամրացման գործոն դարձավ հայկական այբուբենը, ներդրված հայ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցի կողմից::

Սույն  հոդվածում մենք չենք քննարկի այն ցնցումները, որոնք, որպես կանոն ուղեկցվում են «էթնություն ձևավորող մղումներով»: Օրինակ՝ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումը ուղեկցվեց ներքին արյունալի պատերազմով (այսպես կոչված ՝ Տարոնյան պատերազմ), Հայաստանի նախաքրիստոնեական ժառանգության ոչնչացմամբ և Կովկասյան լեռնաշղթայի վրա հեթանոս հայերի մի շերտի գաղթմամբ: Փաստն այն է, որ հայոց պատմության այս փուլում Հայ Առաքելական եկեղեցին և հայոց այբուբենը դարձան հայ ազգային ինքնության կարևորագույն   չափանիշը:

Միասնությանը պատկանելու չափանիշերը առանձնացվում էին բավականաչափ հստակ. Հայ առաքելական եկեղեցին, կանոնական կերպով, որպես հայ չի ճանաչում այն մարդկանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու անդամ չեն, կամ ամուսնանում են հայկական եկեղեցուց դուրս: Իսկ հայոց միասությունը պատմության այս փուլում, իր հիմքում, ապրում էր իր էթնիկ տարածքում, վարում էր իր ինքնաբավ տնտեսությունը, ուներ իր ռազմական ուժը, և իր քրիստոնեական հայ առաքելական եկեղեցին, մայրենի լեզուն և սեփական այբուբեն:

Կարելի է հանդիպել պատմության այդ ժամանակաշրջանի տարբեր գնահատականները՝ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման ծայրաստիճան ճգնաժամային դերից, մինչև լրիվ հակառակ գնահատականը, որի համաձայն հենց քրիստոնեության շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր ինքնությունը վերջին 1700 տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, վերը նշված չափանիշերը երկար ժամանակով դարձել են հայոց ինքնության հենասյունը:

Կրոնական նույնականությունը երկար ժամանակ եղել է կարևորագույնը նաև աշխարհի շատ այլ ժողովուրդների համար և նույնիսկ առաջացում էր տարբեր նույնականություն, միևնույն ծագում ունեցող ժողովուրդների շրջանում: Օրինակ ՝ սերբերն ու խորվաթները մեկ ժողովրդի սերունդ են, որոնք առանձնացված են կրոնով (ոմանք ուղղափառ են, մյուսները ՝ կաթոլիկներ):

Ժողովուրդների կրոնական նույնականացման ժամանակաշրջանից հետո համաշխարհային պատմության մեջ սկսվեցին ոչ պակաս հետաքրքիր գործընթացներ. Սկսվեց այսպես կոչված «բուրժուական ժողովուրդների», իսկ հետագայում նաև «սոցիալիստական ժողովուրդների» ձևավորման փուլը: Քայլ առ քայլ սկսվեց «ամենաթափանց զանգվածային տեղեկատվության դարաշրջանը», իսկ դրա հետ մեկտեղ նաև նոր էթնիկ խմբերի ստեղծման կոնստրուկտիվիստական մոտեցումը , որին հաջորդեց «միասնականացված» համաշխարհային մշակույթի և ապրելակերպի (հաճախ, կախված նախասիրություններից, կոչվում էր «սպառողական հասարակություն» կամ «ազատ հասարակություն») զանգվածային քարոզչության շրջանը:

Կարևորագույն խնդիրն Հայաստանի և հայ ինքնության համար դարձավ այն փաստը, որ հայ համայնքը մտավ այս պատմական ժամանակաշրջանները ՝ կորցնելով իր «պետականությունը» նախա-բուրժուական ժամանակաշրջանում: «Ինքնության բարեփոխման» այս ժամանակահատվածների հետ բախված և հայ ժողովրդի առջև եկած մարտահրավերները պահանջում էին պետական մտածողություն և ընտիր հասարակություն, որը կարող էր բավարարել նոր փոփոխված պայմանները։

Փոխարենը, հայերի հիմնական հրատապ խնդիրն հանդիսացավ «այն, ինչ կա» պահպանելու խնդիրը: Այսինքն, դեռ կան ինքնության միջնադարյան սյուներ` նրանց հավատը, հայոց լեզուն, ապրելու հոծությունը: Բացի այդ, շատ հարցեր, պարզապես, մի կողմ են մղվել ֆիզիկական գոյատևման խնդրով: Մինչ հայերը, դեռևս չվերականգնելով իրենց պետականությունը, մտավախություն ունեին պահպանելու ամենակարևորը, եվրոպական «բուրժուական ժողովուրդները» արդեն իսկ ներկայացնում էին իրենց ազգայնական ծրագրերը: Եվ հայկական ռազմական և տնտեսական վերնախավը մտավ բուրժուական դարաշրջան, փաստորեն, հանդիսանալով օտարերկրյա ազգային նախագծերի ռեսուրս, մասնավորապես երեք կայսրություններում, որոնց միջև Հայաստանը բաժանվեց (ռուս, օսմանյան և պարսկական):

Տարածաշրջանում նոր ազգերի առաջացմանն ուղղված այսպիսի նախագծերից էին թուրքական պանթյուրքիզմը, որոնք Օսմանյան կայսրության կողմից ներմուծվել են Արևմտյան Հայաստանի և Անդրկովկասի տարածք, և սովետական Ռուսաստանի կողմից ներմուծված սոցիալիստական ժողովուրդների գաղափարը:

Արդյունքում, հայերը «կուրորեն» ներգրավվեցին Հայաստանի համար ճակատագրական ցնցումներին՝ Օսմանյան կայսրությունում գոյատևման համար պայքարից հետո նրանք հայտնվեցին սովետական սոցիալիստական նախագծի շրջապտույտում:

Հսկայական մարդկային և տարածքային կորուստներից բացի, այս գործընթացները Հայաստան բերեցին նաև սեփական ինքնության ընկալման փոփոխությունները։

Այսպիսով, «բուրժուական» («քաղաքական») ժողովուրդների զարգացումով, ինչպես նաև սոցիալիստական ժողովուրդների կառուցվելու գործընթացով սկսվեցին լղոզվել այս կամ այն էթնիկ խմբին պատկանելու կրոնական չափանիշները: Հայ ժողովրդի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես Սովետական Հայաստանում, Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանելու փաստը այլևս չէր կարող նախկին դերը խաղալ հայի նույնականացման գործում, քանի որ սովետական հասարակությունը աթեիստ էր, և համապատասխանաբար՝ աթեիստ հայերը նույնպես հայեր էին:

Այսօր, անցած խորհրդային ժամանակահատվածից հետո, արդեն ինքնիշխան Հայաստան հասել են «կապիտալիզմը» և «տեղեկատվական հասարակության» դարաշրջանը՝ հետարդյունաբերական ու հետկրոնական (չնայած վերականգնված կրոնական հատկանիշներին) : Հասարակություն, որը ձգտում է զանգվածային մշակույթի, համաշխարհային տնտեսության, կապի և տեղեկատվության աղբյուրների համաշխարհային գլոբալիզացիայի գործընթացին:

Ինչպես է այսօր երևում նման հասարակությունը Հայաստանում .

  1. Երազներում. ունենք բարձր տեխնոլոգիաների համաշխարհային արտադրողների բոլոր առավելությունները (ժամանակակից ավտոմեքենաներ, iPhone- ներ, նոութբուքեր և այլն), շարժունությունը գլոբալ աշխարհում, «մտավոր գաղափարների» հաղթանակը, «բազմալեզությունը», շախմատի համաշխարհային մրցաշարերում տարած հաղթանակներ `որպես կերպարի մի մաս, ձգտումը դառնալ գլոբալ «դաշնային համակարգի» մի մասը (օրինակ ՝ միանալ ԵՄ-ին):
  2. Իրականում `մարդկային և հումքային ռեսուրսների արտահանում` արդեն իսկ ոչ բարձր կենսամակարդակը պահպանելու համար, ինչպես նաև, այսպես կոչված, «էլիտան», ովքեր ուրախությամբ են այցելում «երազանքների» կետում նկարագրված այս նույն «համաշխարհային հավաքույթները»:
  3. Իր «ոչ ամենավատ» տեսանկյունից՝ ամբողջական ինտեգրումը Եվրոպական համաշխարհային դաշինք, անհամաչափ զարգացած սպասարկման ոլորտը, որի լոկոմոտիվը մետրոպոլիան է՝ իր մեջ ներառած երկրի բնակչության ու տնտեսության կեսը, «սեռական հեղափոխության» հաղթանակը և այլն:

Այս նոր հասարակության սկզբունքները բախվում են նախկին հայկական ինքնության հետ՝ կրոնական ավանդույթների, ապրելակերպի, իրենց երկրի անվտանգության ապահովման, ողջախոհության, կյանքի ինտիմ և սոցիալական մասի միջև սահմանների հարցերում և առաջացնում են վեճեր ազգային պատկանելության մասին, որոնք նշված են հոդվածի սկզբում (վեճեր այն մասին, թե «ով կարող է համարվել հայ, և ում չի կարելի համարել հայ»):

Օրինակ այն մասին, թե հանդիսանում է արդյոք «իսկական հայ» հայկական արմատներով անգլիախոս կալիֆորնիացին, ով տարեկան 50 դոլլար է բարեգործական մարաթոնին նվիրաբերում, կամ Ֆրանսիայում գտնվող «ավանդույթներ պահպանող» հայը՝ քվեարկելով խոստումնալից Սարկոզիի օգտին, կամ մոսկվյան հայը, որը «զվարճանալու համար» ցուցամոլությամբ կրում է «Ռուսաստանի վաստակավոր հայ» մարզական շապիկը, կամ երևանյան հայը, ով ապրելով Հայաստանում և ծառայելով հայկական բանակում, երազում է միանալ նախորդ երեքին, իսկ նրա դուստրը՝ նմանվել Բրիթնի Սփիրսին:

Դժվար չէ կռահել, որ նման վեճը չի հանգեցնում փոխադարձաբար ընդունելի արդյունքի: Եվ առաջին հայացքից դա նույնիսկ մտահոգություն չի առաջացնում. հասարակությունն արդեն սովոր է լողալ «շատ տարբեր անկախ կարծիքների» նավարկուղով և սովորաբար ամրագրում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մեր շուրջը այս փոփոխվող աշխարհում:

Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում. մեր աչքի առաջ ոչնչացվում են ազգային ինքնության նախկին չափանիշները, որոնք դարեր շարունակ հանդիսանում էին հիմք ու նեցուկ, իսկ նորերը դրանց փոխարեն չեն հայտնվում: Պարզ է, որ այս դեպքում ազգը դատապարտված է ոչնչացման: Ի վերջո, եթե էությունը չի կարելի նկարագրել քիչ թե շատ հստակ չափանիշներով, ապա, հետևաբար այն գոյություն չունի:

Իհարկե, ազգի անհետացումը («ապաէթնիկացում») անմիջապես տեղի չի ունենում: Գոյություն ունի այսպես կոչված «ֆուտբոլային հայրենասիրության» միջանկյալ փուլ, որի ընթացքում ժողովուրդը շարունակում է պահպանել վառ ազգային հատկանիշներ `ազգային դրոշը, հիմնը, վերնաշապիկները, եռագույն գլխարկները և այլն, չնայած արդեն ոչնչով չի տարբերվում ուրիշներից, մեր դեպքում, օրինակ, արևելաեվրոպական ժողովուրդներից: Այնուհետև, «դեպի ազգայնականություն համաշխարհային նորաձևության» հեռանալուց հետո, այդ հռչակագրային տարբերությունները նույնպես անհետանում են:

Տեղի ունեցածը պահանջում է իմաստավորում և, համենայն դեպս, հասարակության շրջանում հանրային քննարկում: Այնուամենայնիվ, ստեղծվում է այն կարծիքը, որ հայերը փակված աչքերով սուզվում են կապիտալիզմի, ֆինանսական ճգնաժամերի և անտեսանելի դիկտատի կողմից թելադրված նոր գաղափարախոսության աշխարհ՝ «անկախ մասնավոր կարծիքների» մի ամբողջ պարսի ֆոնին, և համաշխարհային մշակույթի աշխարհ, ու միայն երբեմն զարմացնում են չափազանց անսպասելի փոփոխություններով: Ասես, որոշ մեծահասակներ վերցրել են երեխային ձեռքը և նրան տանում են անհայտ ճանապարհով:

Քանի դեռ հայ հասարակության մեջ չկա միասնություն, և նույնիսկ հանրային քննարկումներ այս խնդիրների շուրջը, «էլիտան», այնուամենայնիվ, արդեն ներդնում է երկրում անհրաժեշտ փոփոխությունները՝ այն տանելով տվյալ ճանապարհով: Դա երևում է հայ քաղաքական գործիչների՝ «գաղափարների արտադրության» մասին հրապարակային հայտարարություններում՝ նույնիսկ տարրական որակավորված կադրերի պակասի ֆոնին: Կամ կենտրոնացված տեսքով՝ հայկական հեռուստատեսությամբ՝ «սոցիալական ճարտարագիտության»անվերջ հոսքի տեսքով, որի տեսահոլովակները և ինտերակտիվ շոուները նախատեսված են վերափոխելու և արագորեն հայ միասնությանը մղելու դեպի «նոր աշխարհակարգի» գիրկը:

Եզրափակելով, կրկնենք մի քանի դրույթներ, որոնք, մեր տեսակետից, չափազանց կարևոր են. այսօր հայ համայնքի ինքնության նախկին չափանիշները, որոնք դարեր շարունակ եղել են որպես հայ ժողովրդի ամրացուցիչներ, աշխատում են միայն իներցիայով և, ըստ էության, հաշվի չեն առնվում: Նոր չափանիշներ չկան: Եվ եթե մենք շարունակենք այս ճանապարհով, մենք պարզապես որպես ազգ կանհետանանք: Հայ վերնախավը ոգևորությամբ է գնում «նոր աշխարհ», կամ չհասկանալով հետևանքները, կամ հանգիստ վերաբերվելով դրանց:

Որպեսզի ազգի անհետացումը չլինի, նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում, և երկրորդ ՝ նոր աշխարհում փորձել մշակել մեր սեփական ուղին : Ոչինչ հավերժ չի մնա, ներկայիս աշխարհակարգը կանցնի, բայց մեզ համար կարևոր է դիմանալ դրան, ինչպես ժամանակին դիմացանք հելլենիզմին: