Վերլուծություն

Զենքը հայոց ազգային տարազում է․ արգելքի փորձերը և դրանց իներցիան

By 28.07.2012October 5th, 2020No Comments

Հայ ազգային տարազը՝ հայի, հայ ժողովրդի կերպարն է, որը մենք պատկերում ենք հայ հասարակության ներսում, որի համաձայն ներկայացնում ենք մեզ արտասահմանում : Արտաքին աշխարհում ազգի դիրքավորումը ձևավորում է մարդկանց ընկալումը և, որպես հետևանք, արտաքին միջավայրի վերաբերմունքը նրանց նկատմամբ: Երկրի ներսում այս պատկերը պատասխանում է խորին հարցերին․ «Ո՞վ ենք մենք», «Ինչիսի՞ն էին մեր նախնիները», «Ինչպե՞ս էին ապրում մեր նախնիները»: Այս հարցերի պատասխանները ձևավորում են հասկացողություն՝ սեփական ապրելակերպի, աշխարհում ունեցած տեղի, սեփական ժողովրդի ընդհանրության մասին և կոփում են համապատասխան մտածելակերպ: Այսինքն՝ ազգի կերպարը ներկայացնելիս նրա ներսում տեղի է ունենում ժողովրդի որոշակի ծրագրավորում, տրվում է վարքագծային կարծրատիպ և ինքնազգացություն:

Սրա հետ կապված հարկ է նշել, որ ազգի կերպարի կարևոր տարրերից մեկը հանդիսանում է ազգային տարազի և ազգային պարերի կողմից ստեղծված տեսողական շարքը: Եկեք ավելի մանրամասն կանգ առնենք այս տարրի վրա, և փորձենք պատասխանել հետևյալ հարցին․ «Ի՞նչ է ազգային տարազը»:

Հայ ժողովրդական էպոսի հերոս՝ Սասունցի Դավթի հուշարձանը Երևանում

Զգեստը արտացոլում է ժողովրդի ապրելակերպը դարերի և հազարամյակների ընթացքում: Զգեստի միջոցով կարելի է դատել կլիմայական, աշխարհագրական միջավայրի, սոցիալական և տնտեսական զարգացման մակարդակի, մարդկանց կրոնական պատկանելիության մասին: Զգեստը վկայում է նաև այն մասին, թե մարդիկ առօրյա կյանքում ինչի հետ էին բախվում, ովքեր էին ըստ էության: Օրինակ կարող է ծառայել այն զենքը, որը որոշ ժողովուրդների մեջ ազգային տարազի մաս է կազմում:

Զենքը, հայերի ազգային տարազում, խորը իմաստ ուներ, և կատարում էր ոչ այնքան անձնական անվտանգության երաշխավորի դեր, ինչքան որ կազմում էր պետության ռազմական համակարգի մաս: Հատկանշական է, որ հայ ժողովրդի պատմությունը սկսվում է պատերազմով և հաղթանակով: Ավանդության համաձայն, Հայկ նախահայրը չէր ենթարկվում բռնակալ Բելին և, զենքը ձեռքը վերցնելով, իր ժողովրդին դուրս բերեց ճակատամարտի, որում նա հաղթանակ տարավ։

Հայկ նախհայրի պատվին դրված հուշարձանը Երևանում

Ինչպես հայտնի է, հայոց լեզվում «մարդ», «տղամարդ» և «մարտիկ» բառերը նույն արմատից են ծագում: Այստեղ հարկ է հիշեցնել, որ շատ ժողովուրդների համար ամեն տղամարդ հանդիսանում նաև ռազմիկ․ այսպես էր և ասորական տերության ստեղծման սկզբնական փուլում, և հին հույների շրջանում `իրենց քաղաքականության ձևավորման սկզբում, և ուրիշների մոտ:

Ինչը վերաբերում է Հին Հայաստանին, ապա նաև այստեղ գոյություն ուներ բանակի կազմակերպման հատուկ համակարգ: Յուրաքանչյուր տղամարդ համարվում և հանդիսանում էր մարտիկ, և ցանկացած պահին նա կարող էր զորակոչվել զինվորական ծառայության: Արդեն ավելի ուշ ժամանակներում, քրիստոնեության ընդունումից հետո, Հայաստանում ոչ ազնվական դասի կամավորներից կազմված անկանոն օժանդակ զորքը կոչվում էր «Աշխարհոր», որը ռուսերենի թարգմանության մեջ հնչում է ինչպես «Աշխարհիկ բանակ»:

Գյուղ Առինջ, 12-րդ դար, հայ իշխանի պատկերը

Տղամարդիկ, որպես զենք կրելու իրավունք ունեցող ազատ մարդիկ, պարտավոր էին միշտ կրել այն, և լուսային կամ ձայնային ազդանշանով ժամանել հավաքի նախապես որոշված տեղը: Հարկե նշել, որ Հայաստանի լեռնային շրջաններում այս համակարգը պահպանվել է ընդհուպ մինչև 19–20-րդ դարերը: Լավ հայտնի էին մելիքների կողմից իրականացվող հավաքների փաստերը սիղնախներում` ամրաշրջաններում, որոնց միջև Արցախը բաժանված էր 17-18 դարերում, հայ ավատատերերի կողմից: Համակարգը բավականաչափ արդյունավետ էր, ինչը և թույլ էր տալիս Արցախի հայոց զորականությանը հաղթելու Հայաստան ներխուժած օսմանյան զորքերը, որոնք ունեին բազմապատիկ, երբեմն նաև, տասնապատիկ քանակային առավելություն։

Զորահավաքների ժամանակ հրամանատարերը ստուգում էին զենքի ու մարտիկների ռազմական պատրաստությունը․ պատմական նկարագրություններում հիշատակվում են զորահավաքներին ժամանած ոչ պատշաճ կերպով զինված գյուղացիներին պատժելու դեպքերը:

Հայ ձիավորներ, Մուշ, Առաքելոց Վանք, 1134 թվականի խորաքանդակ

Այն ժամանակ, երբ հայկական պետականությունը գոյություն ուներ Հայաստանի ողջ տարածքում, այս համակարգը աշխատում էր ամբողջ երկրում. Արցախից և Ուտիքից` մինչև Վանն ու Սասունը: Համապատասխանաբար նաև այն ժամանակների ազգային տարազը ավելի շատ ընդհանուր գծեր ուներ ամբողջ Հայաստանում: Դրանից մեկը զենք կրելն էր: Մեզ հասած 4-8-րդ դարերի նկարներում պատկերված են մարդիկ, որոնց հագուստը շատ մոտ էր մեզ հայտնի “չոխա” (կամ “չուխա”) անունով, և որը պահպանվեց որպես հայ ազգային տարազի մի մաս Արցախյան, Սյունյաց եւ Լոռու լեռներում, ընդհուպ մինչև 20 դարը: Հատկանշական է, որ նմանատիպ պատկերները հայ ազգային տարազը արձանագրել են ինչպես երկրի արևելյան, այնպէս էլ արևմտյան մասում:

Հայկական տարազ, IV-VIII դարերի խորաքանդակ, Առինջ

Այնուամենայնիվ, մինչև մեր օրերը հայ ազգային տարազը հասել է տարբերություններով՝ ըստ Հայաստանի շրջանների: Տարազի կերպարանափոխությունների պատճառները բազմազան էին. տարբեր կլիմայական պայմաններ, տարբեր հարևաններ, որոնց հետ առկա էր մշակութային փոխանակում, տնտեսական և սոցիալական զարգացման տարբեր մակարդակ և այլն: Սակայն կային նաև այլ կարգի պատճառներ:

Հայաստանի տարածքի մի մասում հայոց պետականության կորստից հետո, այդ շրջաններում, հայ տարազի կերպարափոխությունները այլ բնույթ էին կրում: Առաջինը, այդ տարածաշրջանում տեղ ուներ հայերի տարազի վրա օտարածին տարրի ուժեղ ազդեցությունը, այն ժամանակ, երբ գոյություն ուներ շատ ավելի թույլ հակառակ գործընթացը: Սակայն, եթե այդ ազդեցությունը ևս կարելի է ինչ-որ չափով բնական համարել, ապա հարկավոր է նշել, որ տեղի էին ունենում նաև զավթիչների գիտակցված գործողությունները. խոսքը գնում էր օսմանյան թուրքերի մասին, ովքեր բարձրագույն մակարդակի վրա ուշադրություն էին դարձնում զավթած երկրների տեղաբնակների տարազին: Այդպես օրինակ, սուլթանի հատուկ հրամանագիրն արգելում էր հայերին զենք կրել Օսմանյան կայսրությունում:

Հայ զորապետ: Կիլիկիա, 12-13 դար

Բնականաբար, այդ որոշումը պատահական չէր և կրում էր ոչ միայն կրած զենքը կիրառելու հնարավորության հետ կապված ռազմական բնույթ: Հայտնի է, որ կարելի է թույլատրել պատյանի մեջ զոդված զենքի կրելը և այլն, ինչը հետագայում կիրառվում էր Կովկասում: Զենքի կրելն արգելելու հետ միաժամանակ, հայերին արգելված էր բանակում ծառայելը: Ըստ այդ հատկանիշերի, մենք կարող ենք սահմանել օսմանյան իշխանությունների քաղաքականութունը, որպես մարտիկ մարդու կերպարը հայ ժողովրդի գիտակցության մեջ ապամոնտաժելու ուղղությամբ տարվող գիտակցված և հետևողական գործողություն:

Հայերին հետևողականորեն թելադրվում էր այն միտքը, որ զենքը պոտենցիալ հակամարտութուն է և այն կրելը սադրանք է և մեծ վտանգ: Միևնույն ժամանակ զենք չկրելը` զավթիչներին ենթարկվելու հետ միասին, պետք էր ստեղծել անվտանգության կեղծ զգացողությունը: Բոլորս, բնականաբար, հասկանում ենք, որ իրականում տեղի է ունենում հակառակը. անզեն ու հավատարիմ բնակչութունը ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, ինչը և ցույց տվեցին 19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի դեպքերը: Թեպետ կային և ավելի վաղ օրինակներ, որոնք չլինելով այդչափ զանգվածային, այդպիսի խորը հետք չթողեցին ժողովրդի գիտակցության մեջ:

Իշխան ու ռազմիկ: Ախթամար, խորաքանդակ 10-11 դար

Հայ ժողովրդին պարտադրվող վերոնշյալ պարտվողական մտածելակերպը լուրջ հետևանքներ ունեցավ ժողովրդի կոլեկտիվ գիտակցության մեջ: Այդպես, օրինակ, անգամ այսօր հայերից շատերը համարում են, որ եթե հայ ազգային տարազը կրկին ներկայացվի իր նախնական տեսքով` գոտուն ամրացրած դաշույնով, դա նոր վտանգների է բերելու: Շատերը մինչ օրս նախընտրում են կատարել օսմանյան սուլթանների հրամանագիրը և համարում են, որ պետք է առանձնացնել հայ տղամարդու կերպարն ու մարտիկի կերպարը:

Հարկավոր է նշել, որ չնայած օսմանյան իշխանութունները հետևողականորեն կյանքի էին կոչում հայ ժողովրդի գիտակցութունը փոխելու և իր ռազմական բաղադրամասն ապամոնտաժելու իրենց քաղաքականութունը, իրենք չհասան լիարժէք հաջողության: Այդպես օրինակ, Օսմանյան Կայսրության սահմանների ներսում հայտնված Հայաստանի տարածքի զգալի մասում հայերն անտեսում էին սուլթանական հրամանագիրը և շարունակում էին զենք կրել: Մասնավորապես, դրանք Սասունի, Շատախի, Շապին Գարահիսարի, Զեյթունի և մի շարք այլ շրջաններն էին: Դա տեղի էր ունենում լեռնաբնակների պահպանողականության և այլ հանգամանքի շնորհիվ, որ լեռներում ավելի դյուրին էր օսմանների ճնշողական մեքենային դիմակայելը:

Զեյթունի հայ լեռնականներ, 19 դար

Չշոշափելով բոլորին հայտնի 19-րդ դարի դեպքերը, երբ հենց այդ լեռնային տարածաշրջանները եղել են հիրավի հերոսական ազատագրական պայքարի կիզակետում, նշենք, որ նախկինում ևս հենց լեռներում էր պահպանվում լրիվ կամ մասնակի անկախությունը և պահպանվում էր պետականության փորձը: Այդ գործընթացները փոխկապակցոված էին և իրենցից ներկայացնում էին փակ շղթա, որի օղակներից մեկը վերացնելով կարելի էր խախտել ամբողջ համակարգը: Մասնավորապես, բնական պայմանները, ժողովրդի մտածելակերպը և պետականության առկա փորձը հանդիսանում էին այդ շղթայում միմյանց աջակցող բաղադրիչներ:

Այստեղ չի կարելի չնշել նաև այն հայտնի փաստը, որ Հայաստանի մի շարք շրջաններում` Արցախում, Սիւնիքում, Լոռիում եւ այլն, Օսմանյան Կայսրության իշխանութուն չի եղել, իսկ լեռնային այդ շրջանները ստորադասելու վերջինի բոլոր փորձերն ավարտվում էին թուրքերի ռազմական պարտություններով: Ավելին, Արցախի հայ ավատատերերը կենսականորեն շահագրգռված էին հայ ժողովրդի ռազմական ոգին պահելու գործում` առնվազն իրենց ավատատիրական ունեցվածքների տարածքում, քանի որ հենց այդ ժողովուրդն էր հանդիսանում իրենց անկախությունն ապահովող իրենց ռազմական ուժը:

Հայ կամավոր, 1828 թվական

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հայ ժողովրդի նկատմամբ օտարածին ազդեցությունը, որն այդ թվում արտահայտվում է տարազի վրա ազդեցությամբ, տարբերվում էր ըստ Հայաստանի տարածաշրջանների: Արդյունքում տարազի կերպարանափոխությունները ևս ավելի ուժեղ են եղել որոշ տարածաշրջաններում և գրեթե չեն ազդել ուրիշների վրա: Հատկանշական է, որ օրինակ Արցախում և դրան կից տարածքներում տեղի էին ունենում հակառակ գործողություններ. այստեղ եկվորները ստիպված են եղել կրել հայկական տարազը` անդադար ռազմական հակամարտությունների պայմաններում մահից խուսափելու համար: Փոքրիկ մեջբերում անենք Րաֆֆու “Խամսայի մելիքություններից”

“Եվ քանի որ հայերը դաժանորեն սպանում էին գերի վերցրածներին, Ղարաբաղի թուրքերն անգամ սկսեցին հայկական տարազ կրել: Այդ հարձակումները ղեկավարում էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը), Թյուլի-Արզումանն ու Շուշեցի ոսկերիչ Մելքումը: Իրենք ամբողջությամբ արգելափակել են Տարտառ գետի հովիտը:”

Հայկական տարազ, Սյունիք, Արցախ, 19 դար

Այնուամենայնիվ, հարկավոր է ընդունել, որ Հայաստանի բազմաթիվ շրջաններում հակառակ գործընթացներ էին տեղի ունենում և այդ տարածաշրջանում զենքը հանված էր առօրյա հագուստից: Մեկնարկեց հայ ժողովրդի և հայի ինքնազգացողության ապամոնտաժման գործընթացը, տարածվում էին այն պարտվողական անտրամաբանական մտածելաձևերը, որոնց մասին խոսվեց վերևում:

19-րդ դարի վերջի – 20-րդ սկզբի ողբերգական իրադարձություններից հետո, գործընթացներից շատերը դառնում էին ավելի գունեղ: Այդպես, օրինակ, սկսվեց վերածնվել ու դաստիարակվել “հայ ռազմիկ” հասկացությունը: Գարեգին Նժդեհի կողմից վեր հանված “արիություն” հասկացությունը դարձավ Լեռնային Հայաստանում օտարածին ներխուժման դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարի առանցքը: Այնուամենայնիվ, հասարակության մյուս կողմում ուժեղացան նաև պարտվողական միտումները: Այդպես օրինակ, բազմաթիվ պատճառներով, որոշ ուժերին ժամանակի ընթացքում հաջողվեց համահայկական դաշտում օրինականացնել օտարածին ազդեցության և օսմանյան արգելքների ներքո ձևավորված տարազը:

Հայերն ուղեկցում են քարավանը, 19 դար

Դա հնարավոր դարձավ ի շնորհիվ նրա, որ բնակչության լայն զանգվածները ստիպված եղան փախչել հարազատ հողից, փոքր հայրենիքից և հայտնվեցին Արևելյան Հայաստանում, որտեղ միանգամից դարձան Երևանի հիմնական բնակչությունը: Մեր հայրենակիցները, ստիպված լինելով լքել իրենց նախնիների տները, բազմաթիվ դրական երևույթների հետ մեկտեղ, իրենց հետ բերեցին նաև Օսմանյան կայսրության ազդեցության ներքո ձևավորված մշակույթի մի մասը:

Ազգային այն վերքը, որը հասցրել էր Եղեռնը, նույնպես մեծապես նպաստում էր պարտվողական մտածելակերպի տարածմանը: Աստիճանաբար ազդեցությունը տարածվեց կենտրոնից` դեպի ծայրամասերն ու “անզեն տարազը” սկսեց պարտադրվել ու ընկալվել իբրև համահայկական: Ավելին, ավելի ուշ առաջադրվեց ու սկսեց բազմացվել այն սուտ և պարտվողական մտածելաձևը, իբր հայերը “զենք երբևիցե չեն կրել”:

“Զինաթափված տարազ”, 19 դար

Դրա հետ մեկտեղ այն ժամանակ լեռնային շրջաններում պահպանված հայկական ազգային տարազը սկսեց հետին պլան մղվել, այնուհետև նույնիսկ փորձեր էին կատարվում այն “ոչ հայկական” կոչել: Թեպետ հայ լեռնաբնակների, օրինակ` արցախցիների, տարազի օբյեկտիվ նկարագրությունը դեռևս հանդիպվում է զանազան հետազոտություններում, ինչի կապակցությամբ մեջբերենք “Ռուսաստանի ժողովուրդներ” հանրագիտարանից մի հատված.

“19-րդ դարի վերջում ուդիների հագուստը նման էր Ղարաբաղի հայերի հագուստին: Տղամարդկանց մոտ` չոխա, փամփշտակալով և լայն կտրվածքով կրծքի վրա, դրա տակ` ավելի կարճ արխալուղ, պինդ կոճկված, կանգնած օձիքով, մարմնին` ղուրատ շապիկը, տաբատը: Արխալուղը կապում էին գոտիով` փոքրիկ արծաթագույն վահանակներով ու դաշույնով: Ոտքերին` գործած գուլպաներ և ոտնամաններ` դաբաղած կաշվից (չարիխներ), ինչպես նաև ավելի փափուկ կաշվից (չստեր ու կիսակոշիկներ): Գլխարկը` կոնաձև մագաղաթ փափախ”:

Սակայն, չնայած բազմաթիվ պատկերներին, փորագրություններին, լուսանկարներին և ազգագրագիտական հետազոտություններին, դեռևս կենդանի է մարտիկ տղամարդու հայկական տարազի վերացմանն ուղղված միտումը: Բնական է, որ այդ գործոնը ձևավորում է հայերի` իրենք իրենց նկատմամբ վերաբերմունքը, հայերի հետագա սերունդների աշխարհազգացողությունը, ինչպես նաև արտաքին միջավայրի կողմից հայերի ընկալումը:

Հայ լեռնական: Արևմտյան Հայաստան, Սասուն, 19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ

Հետաքրքրական է, որ թուրքական արգելքներն ու «առանց զենքի` անվտանգ է, զենքի առկայությունը` վտանգավոր» պարտադրված մտածելաձևերը գործում են մինչ այսօր: Օրինակ, այդ միտումներն արտահայտվում են հայկական պարերում:

Ազգային պարը, լինելով ժողովրդի ինքնարտահայտիչ, հանդիսանում է ազգի կերպարը ձևավորող խորհրդանիշներից մեկը: Մասնավորապես, հայկական ռազմական պարերը սկսեցին պարել առանց զենքի` սկզբից հայ ժողովրդի ապամոնտաժման թուրքական քաղաքականությանն ավելի շատ ենթարկված տարածաշրջաններում, և հատկապես հայերի աշխարհայացքի ռազմական բաղադրիչին, իսկ երբ ավարտվեց այն գործընթացը, որը կարելի է կոչել «ներհայկական գլոբալիզացիա», այդ միտումը սկսեց տարածվել ամբողջ Հայաստանում, և շատ հարցերում անգամ սփյուռքում:

Տվյալ պահին գոյություն ունի պարադոքսալ մի իրադրություն. հայկական ռազմապարերը` յարխուշտան, քոչարին և այլն, որոնք պարում էին կռվից առաջ կամ հետո, շարունակում են կատարվել առանց զենքի: Ընդ որում, Հայաստանում գոյություն ունեն ազգային տարազում զենքի առկայության ու դրա կորստի հետ առնչվող ժողովրդական զրույցներ ու լեգենդներ:

Մասնավորապես հետաքրքրական է այդպես կոչված մեծ հայկական դաշույնի մասին լեգենդը: Համաձայն ավանդույթի, հայերն ունեին շատ մեծ չափերի երեք դաշույն, որոնք պատրաստված էին հատուկ հին ծեսերի համար: Մեկը` մարտական, առատորեն զարդարված ոսկիով, օգտագործվում էր հուղարկավորության ժամանակ:

Երբ հայկական տոհմերի իշխաններն ու թագավորները մահանում էին, մարտական դաշույնը դնում էին իրենց ոտքերի մոտ` իբրև մահացածների առաքինության ու խիզախության նշան: Այսօր այդ նշխարհը պահվում է Երևանյան թանգարանում: Երկրորդ դանակը կեղծ էր, պատրաստված սովորական պողպատից: Այն կիրառվում էր հանդիսավոր եկեղեցական ծիսակատարությունների, հայկական մեծ տոների ժամանակ: Ներկայումս զենքը պահվում է Կրասնոդարի Է. Դ. Ֆելիցինի անվան պետական պատմահնագիտական արգելոց թանգարանում: Երրորդը նախատեսվում էր ծիսական մենամարտերի համար: Երբ հայկական զորքը կռվի էր դուրս գալիս թշնամու դեմ, ըստ ավանդույթի երկու ռազմիկ` մեկական յուրաքանչյուր ճամբարից, պետք է կռվեին միմյանց հետ: Խիզախ մարտիկների մենամարտը տեղի էր ունենում այդ դաշույնի օգնությամբ: Կռիվներից մեկի ժամանակ երրորդ դաշույնը կորավ: Միանգամայն հնարավոր է, որ հենց դա է այժմ գտնվում կուբանցի կոլեկցիոների զինանոցում, որն այն լրիվ պատահաբար գնել է Իրանում: Զենքը մաքրելիս շեղբի վրա երևացին հայերեն գրագռություններ:

Հայկական դաշույն, 19 դար

Այստեղ կարևոր է նշել, որ ազգային գիտակցության մէջ ավանդական ռազմական դաշույնի կորուստն առնչվում էր հայ ժողովրդի պատմության մեջ հետագա պարտությունների ու ողբերգությունների հետ:

Հայկական տղամարդու տարազում զենքի դերի մասին կարելի է դատել նաև ըստ հարսանեկան ծիսակարգերի.

“Ժամանակակից հարսանիքից գրեթե անհայտացել են փեսացուին հագցնելու և սափրելու հինավուրց ծեսերը, որոնք սովորաբար ընթանում էին հանդիսավոր կերպով և ուղեկցվում էին երաժշտական գործիքների նվագով: Հագնվելու ժամանակ փեսացուն նստած էր` փեսավերներով շրջապատված, իր կողքին էր գտնվում փեսախպերը, ծեսին հետևում էին բազմաթիվ համագյուղացիներ: Առաջին հերթին քահանան օծում էր փեսացուի հագուստը, գլխարկը, դաշույնը, ինչպես նաև փեսացուի կողմից պատրաստված հարսնացուի հարսանեկան զգեստը: Այնուհետև, հարսանեկան տարազի յուրաքանչյուր մասը բարձրացնելով, որ բոլորին տեսանելի լինի, քավորը հագցնում էր փեսացուին:

Հայկական հարսանիք, 19 դար

Ծեսն ուղեկցվում էր փեսավերների երգերով, կատակներով ու խաղարկություններով: Արևելյան Հայաստանում փեսացուի հարսանեկան տարազի պարտադիր տարր էր հանդիսանում չուխան, իսկ Արևմտյան Հայաստանում` իշլիկը կամ սալթան` կրծքավանդակին մետաքսով զարդարված ավանդական վերնազգեստ»։

Վերոշարադրյալից հետո կարելի է եզրակացնել ու պնդել հետևյալը.

Զենքը վաղուց ի վեր գոյություն ունի հայկական ազգային տարազում, ունի խորին ավանդույթներ, իսկ դրա գոյությունն առնչվում էր այդ թվում հայկական պետության մեջ զորքի հատուկ կազմակերպման հետ: Հետագայում, Հայաստանի որոշ շրջաններում, զավթիչների գիտակցված ու նպատակաուղղված քաղաքականության պատճառով զենքը սկսեց դուրս մղվել հայերի ավանդական տարազից: Եվ միևնույն ժամանակ հայկական պետականությունը պահպանած Հայաստանի բազմաթիվ շրջաններում զենքը մնում էր հենց իբրև առօրյա հայկական ազգային տարազի մաս:

Տվյալ պահի դրությամբ բազմաթիվ հայերի գիտակցության մեջ դեռևս գոյություն ունի օսմանյան իշխանությունների ահաբեկչությամբ սահմանված “պատնեշումը” կամ արգելքը: Այս մարդիկ, բազմացնելով իրենց բարդույթները, հայերի հետագա սերունդները դաստիարակում են օսմանների կողմից աղավաղված մտածելակերպի մեջ, այդ թվում նաև այն տարածաշրջաններում, որտեղ ձախողվում էին օսմաններն ու այլ զավթիչները: Այս միտումների արդյունք կարող է դառնալ պարադոքսալ մի իրադրություն. Հայաստանի բոլոր շրջաններում հայերն իրենք, իրենց ձեռքերով ապամոնտաժում են իրենց ժողովրդի մտածելակերպի ռազմական բաղադրիչը:

Հայեր: Արևմտեան Հայաստան, 19 դարի վերջ – 20 դարի սկիզբ

Հարկավոր է նշել այդպիսի իրադրության հնարավոր հետևանքները: Ինչպես արդեն ասվում էր վերևում “ռազմիկ տղամարդկանց” մտածելակերպը պահպանելը, որն այդ թվում արտահայտված է սառը զենք կրելու մեջ, ապահովվում էր հաղթանակներ ու պետականության պահպանում: Իսկ պետականությունն իր հերթին սնուցում և պահպանում էր ռազմական այդ ոգին, ինչի մասին է խոսում թեկուզ 18-րդ դարի ազատագրական պայքարի ժամանակների Սյունիքի ու Արցախի օրինակը (Դավիթ Բեկի պետությունը, Արցախի մելիքությունները և այլն):

Ավելին, հենց հայ լեռնաբնակներն են եղել 19-րդ դարի ազատագրական պայքարի գաղափարախոսներն ու առաջնորդները, ընդ որում իրենցից շատերը եղել են զավթիչների դեմ իրենց հայրենակիցների պայքարը կազմակերպելու և իրենց աջակցելու համար Վան, Մուշ, Սասուն և Հայաստանի այլ շրջաններ ժամանած Արցախի, Սյունիքի և Լոռվա լեռնաբնակները: Ցեղասպանության ժամանակ հենց լեռնաբնակներն էին պատշաճ դիմադրություն ցուցաբերել թուրքական պետական մեքենային` ի դեմս բանակի ու ոստիկանության: Դեռևս Սարդարապատի ճակատամարտի ժամանակ պարզ դարձավ, որ հենց լեռնաբնակները, ծագումով այն շրջաններից, որտեղ տղամարդիկ երբեք զենքից չէին բաժանվել, հարձակվեցին և իրենց հետևից տարան հայության մնացած մասը, դառնալով այն առանցքը, որի շուրջ կուտակվեց հայ ժողովրդի զինվորական քաջարիությունը․ արդյունքում հայ աշխարհազորը ջախջախեց ու փախուստի մատնեց թուրքական բանակը: Այդ պայքարի առանցքային կետերում հարձակվում ու հաղթում էին. Սարդարապատի մոտ` 5-րդ ղարաբաղյան զորագունդն ու զեյթունցիները, Ղարաքիլիսայի մոտ` լոռեցի լեռնականները և այլն:

Այսպիսով, փորձը ցույց է տալիս, որ ազգի կերպարը, որն արտահայտվում է ազգային տարազում` այդ կերպարի առանցքային տարրում, հանդիսանում է անվտանգության գումարելիներից մեկը: Դա բնական է, չէ որ այն, ինչպես է իրեն զգում մարդը, ով է համարում իրեն, մեծապես նախադրյալներ է տալիս իրեն հետագա արարքների համար:

Հայ կամավորների զորագունդ, 1916 թվական

Ընդ որում, հարկավոր է ի նկատի ունենալ, որ ժողովրդի աշխարհայացքն ու հավաքական գիտակցությունն արտահայտվում է ազգային տարազում, սակայն տարազը ևս ձևավորում է աշխարհայացքն ու վարքագծի կարծրատիպը: Այսինքն, կարելի է պնդել, որ տարազի փոփոխությունը հանգեցնում է աշխարհայացքի փոփոխությանն ու գիտակցության հետագա փոփոխություններին, ինչը կարելի է տեսնել այդ ոլորտում թուրքական ազդեցությանը ենթարկված հայերի մի մասի օրինակի վրա:

Այժմ ստեղծվում է մի իրավիճակ, որում պարտվողական մտածելաձևերի վիրուսով վարակված հայերը ներթափանցում են այն շրջանների տեղեկատվական ու մշակութային դաշտը, որոնք պաշտպանեցին իրենց հայկական ինքնությունը բոլոր զավթիչներից, սակայն չեն կարողանում դիմակայել այլ հայերին, որոնք բավականին ագրեսիվ կերպով պարտադրում են հայ ժողովրդի տեղեկատվական կերպարի “իրենց” (իրականում` թուրքական) մտապատկերը, թէ ինչպիսին պետք է լինի հայը, ինչպես նա պետք է զգա իրեն, ինչպես իրեն պետք է ընկալեն հարևանները:

Հայկական տարազ, լոռեցիներ, 19 դարի սկիզբ

Վտանգավոր է այն միտումը, երբ “զինաթափ արած տարազի” օգնությամբ հայերի գիտակցության մեջ մեխվում է այն մտածելաձևը, որ “հայերը շինարար ազգ են”, “խելացի բարի ազգ են”, սակայն ոչ “ռազմիկ ազգ”: Ավելին, ռազմիկ ազգի, օրինակ` հյուսիսկովկասյան լեռնականների կերպարի նկատմամբ, դաստիարակվում է որոշակի արհամարանք, որը հիմնվում է նրանով, որ զենք կրելը հասարակության զարգացման ցածր մակարդակ է նշանակում: Այստեղ հարկավոր է նշել, որ Հյուսիսային Կովկասում լեռնականները մեկուսացված էին ապրում, և պետականությունն իրենց մոտ դրսևորվում էր քաղաքներում, ամրոցներում կամ հարթավայրում, ինչպես նաև ռազմական միավորման ժամանակաշրջաններում: Հայաստանում, ընդհակառակը, երկարատև արտաքին սպառնալիքների և լեռնային շրջանների ավելի մեծ պաշտպանվածության պատճառով, պետականության փորձը դարեր ի վեր լեռներում էր պահպանվում, և հենց լեռնականներն էին, որ արդեն Միջնադարում և Նոր ժամանակներում հանդիսանում էին հայ ավանդական պետականության ավանդույթների կրիչներ:

Հայկական տարազի “զինաթափման” վերոնշյալ գործընթացների արդյունք է հանդիսանում այն, որ իրենք հայերն են ուրանում իրենց նախնիների ռազմական ժառանգությանը, ինչը հանգեցնում է գիտակցության փոփոխությանն ու բնականաբար անդրադառնում է նաև ռազմական անվտանգության առումներում: Այստեղ կարևոր է նշել, որ տեղի է ունենում հայ ժողովրդի հավաքական գիտակցության փոփոխություն, ձևավորվում է վարքագծային կաղապար, որի հիմքն է հանդիսանում աղավաղված, պարտվողական գիտակցությունը, ինչը չի կարող չանհանգստացնել: Առավել ևս, որ այդ փոփոխություններն ի սկզբանե դրված են զավթիչների կողմից և ունեն հստակ որոշակի նպատակներ:

Այսօր հայկական ազգային տարազը, որում ներկա է զենքն ու գոյություն ունեցող լեռնականների գործնական հագուստը, հաճախակի մերժվում է հայերի որոշակի խմբի կողմից: Ընդ որում, շատերն ընդունում են զինաթափված «ոճավորված» ազգային տարազը, որը հաճախակի հանդիսանում է այս կամ այն կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի անհատական մոտեցման պտուղ: Ցավոք, այդպիսի «ոճավորման» արդյունքը շատ քիչ ընդհանրություն ունի բնօրինակի հետ, և երբեմն ավելի շատ է նմանվում բալետի հանդերձանքին:

Վերոշարադրյալը եզրակացնելով կարելի է ասել, որ գոյություն ունի հին հայկական ազգային տարազի վերածննդի անհրաժեշտություն` իր առանցքային, խորը պատմական արմատներ ունեցող տարրի` սառը զենքի (դաշույնի) հետ հանդերձ: Դա թույլ կտա պահպանել այն աշխարհայացքը, որի շնորհիվ հայկական պետականությունը Հայկական Լեռնաշխարհում չէր դադարում անգամ իր պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններում: Դժվար է գերագնահատել երիտասարդության վրա ազգի տեղեկատվական կերպարի և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ազգային տարազի ազդեցությունը: Դեռևս մանկական տարիներին ենթագիտակցության մակարդակում տպավորվող տեսաշարը հստակ կապված է իր ու իր նախնիների մասին պատկերացումների հետ, ձևավորվում է տարածաշրջանում և աշխարհում ժողովրդի ինքնագիտակցությունը, ստեղծում է համապատասխան վարքագծային կաղապար: Ժամանակն է ամբողջովին ջնջել օսմանյան իշխանությունների արգելքները, որոնք մինչ օրս գոյություն ունեն հայ ժողովրդի որոշ շերտերի ուղեղում, և լիովին վերակենդանացնել Հայաստանի լեռնային շրջաններում պահպանված հայկական ազգային տարազը` իր բոլոր անկապտելի տարրերով հանդերձ:

Հոդվածը հիմված է «Miacum.Am» ընկերակցության զեկույցի վրա, որը ներկայացվեց 2008 թվականի մայիսին ղարաբաղյան ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի շենքում: